Միշա Պողոսյան (տուժող) - 2021-ի հունիս ամսին ընկերներով, որ մի քանի ծանր տարի ունենալով Հայաստանում, որոշեցինք վերջապես գնալ մի տեղ հանգստանալ:
Չհանգստացան: Միշա Պողոսյանը և նրա 4 ընկերը «Դա Վինչի» տուրիստական ընկերության 170 տուժածների շարքում են:
Միշա Պողոսյան - Շատ պատահական գտանք «Դա Վինչին», հետո ուսումնասիրելով նրանց Ֆեյսբուքը, տարբեր ֆիթբեքներ նայելով, լսելով, հասկացանք, որ վստահելի կառույց է, անձը 700 հազար վճարեցինք էդ ժամանակ՝ պայմանով, որ հուլիս ամսին կվճարենք նաև վերջին հատվածը ու արդեն տոմսը կվերցնենք:
Հերթը տոմս վերցնելուն չհասավ, համացանցից պատահական իմացան, որ մի խումբ մարդիկ նույն ընկերությունից տուժել են: Չնայած վճարումների ՀԴՄ-ները Միշայի մոտ էին, բայց ո՛չ գումարը վերադարձվեց, ո՛չ էլ ցանկալի հանգստի մեկնեցին: 2021-ի օգոստոսին տուժողների հաղորդման հիման վրա հարուցվեց քրեական գործ: Միակ մեղադրյալը մոտ 8 տարի տուրիստական շուկայում գործող «Դա Վինչի» ընկերության տնօրեն Գրիգոր Սարգսյանն է:
Արշակ Կիրակոսյան (Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ) - Գրիգոր Սարգսյանը հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 220 միլիոն 154 հազար դրամ գումար, որը վճարվել է քաղաքացիների կողմից՝ կանխավճարի տեսքով:
Գրիգոր Սարգսյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում: Պաշտպանի խոսքով՝ այդ գումարները չի էլ տեսել:
Գարիկ Գալիկյան (Գրիգոր Սարգսյանի պաշտպան) - Ո՞վ ա էդ գումարների անհետացման հեղինակը եղել, մենք էլ ենք մեր հերթին փորձում վարույթն իրականացնող մարմնի հետ պարզել: Բավականին մեծ քանակի գումարի անհետացման աղբյուր արդեն, ոնց որ թե, պարզել ենք զուտ փաստաթղթային՝ որտեղ ա գնացել, ինչի հիմքով:
Արդյոք այլ անձինք հասանելիություն ունեցե՞լ են այդ գումարին՝ պաշտպանը փակագծեր չբացեց: 2021-ի օգոստոսի 12-ից մինչև օրս հարցաքննվել է 200-ից ավելի անձ, կատարվել են մեծածավալ խուզարկություններ, մասնավորապես, Կենտրոնական բանկից առգրավվել է մեղադրյալ Գրիգոր Սարգսյանի, նրա հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև «Դա Վինչի» ընկերության բանկային գաղտնի տեղեկությունները:
Արշակ Կիրակոսյան - Պարզվել է, որ տարբեր սոցիալական կայքերով, Ֆեյսբուքով, Ինսթագրամով, կարճ հոլովակների տեսքով տեսանյութեր են տարածել՝ շուկայականից անհամեմատ էժան ավիատոմսեր և տուրիստական փաթեթներ վաճառելու վերաբերյալ, և գործակալության աշխատակիցները, շատ հաճախ ճշմարտության իրական հանգամանքները խեղաթյուրելու արդյունքում, հասարակության լայն շրջանակների ներգրավել են իրենց գործակալությունում:
Այս պահին ուսումնասիրության փուլում է, թե արդյոք գործակալության որոշ աշխատակիցների արարքում հանցակազմ կա՞: Տուժողները նաև դժգոհ են, որ Գրիգոր Սարգսյանը 4 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
Արշակ Կիրակոսյան - Դատարանն արձանագրել է, որ ըստ էության ազատության մեջ գտնվելու պայմաններում Գրիգոր Սարգսյանը չի խոչընդոտի և չի թաքնվի նախաքննական մարմիններից կամ չի կատարի նոր հանցանք: Նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Գրիգոր Սարգսյանին ազատելու որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք է տարել, քննություն դեռ չի կատարվել: Տուժողները տեղեկություն ունեն, որ մեղադրյալը նորից տուրիստական ընկերություն է բացել:
Արշակ Կիրակոսյան - Գործով նման փաստական տվյալներ հայտնի չեն, բայց եթե իրականում նման բան կա, մենք կփորձենք ուսումնասիրություններ կատարել՝ հասկանալու համար՝ ինչքանո՛վ է առնչվում «Դա Վինչի» ՍՊԸ-ի կամ Գրիգոր Սարգսյանի հետ:
Գարիկ Գալիկյան - Չեմ կարող ասել՝ բացե՞լ ա, թե՞ չի բացել, բայց, ի վերջո, եթե անգամ պարզվի, ենթադրենք՝ Գրիգոր Սարգսյանը ինչ-ինչ տարբերակով մեղավորություն ունի, և անհրաժեշտություն կա, որ տուժողների հասցված վնասը հատուցվի, եթե մարդը չաշխատի, եթե մարդը աշխատանք չկատարի, էդ վնասները ո՞նց պետք է հատուցվեն:
Ամեն դեպքում, Երևան քաղաքի վարչությունը արգելանք է դրել Սարգսյանի երկու տրանսպորտային միջոցի, երկու բնակարանի և «Դա Վինչի» ընկերության Իսահակյանի մասնաճյուղի վրա: Գործը ավարտական փուլում է:
Միշա Պողոսյան - Արդեն անցել է մոտ մեկ տարի, ինչ մենք հայտ ենք ներկայացրել, բայց այս մեկ տարվա ընթացքում որևէ զանգ, որևէ դիտարկում, որևէ բացահայտում կամ ինչ-որ մի պրոցեսում ներգրավում չի եղել:
Միշայի ու ընկերների վնասը մոտ 3,5 միլիոն է: Բայց տուժողներն արդեն հույս չունեն, որ գումարը երբևէ կվերադարձվի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան