ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի հետ կապված»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ մարտի 26-ին ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ռազմական ներթափանցման վերաբերյալ արձանագրված փաստերը և հրադադարի ռեժիմի խախտումները հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։
«Կողմերին խստորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ պահպանումը»,-ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը գործակցելով կողմերի հետ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման համար։