ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև համանման այլ հարցերի շուրջ:
Արգիշտի Քյարամյանը «Եվրոջասթ»-ի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, անդրադարձ է կատարել պետական քաղաքականության արդյունքում կառույցի գործունեության կատարելագործմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների տրամաբանությանը՝ այդ ասպարեզում կարևորելով միջազգային կառույցների հետ աշխատանքի անհրաժեշտությունը:
Լադիսլավ Համրանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ներկայացրել է «Եվրոջասթ»-ի գործառույթների շրջանակներում տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և ցուցաբերվող մասնագիտական աջակցության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մարմինների հետ ունեցած գործընկերային հարաբերությունների հիմնական դրսևորումները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու «Եվրոջասթ» գործակալության նախագահ Լ. Համրանը քննարկել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են կառույցների միջև հետագա շփումների ու համատեղ գործընթացների կազմակերպման ձևաչափերի շուրջ: