ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե որքանով է նա փոխկապում հետևյալ փաստերը, որ Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ ներկայացրեց, Հայաստանն այդտեղ անընդունելի ոչինչ չտեսավ, ու այնուհետև սկսվեցին Արցախում ադրբեջանական կողմի սադրանքները:
«ՀՀ արտգործնախարարի հայտարարության օրը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փակում է գազը: Սա խոսուն օրինակ է, որ խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ կառավարության և իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից, չնայած որ հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով: Գործնական տեսնում ենք լրիվ հակառակ գործողություններ»,- նշեց Աղաջանյանը:
Աղաջանյանի համոզմամբ՝ խաղաղության օրակարգը բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից:
«Մեր խնդիրն է՝ որևէ պարագայում չշեղվել այդ օրակարգից: Այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք և գործողություններ՝ միտված ամեն կերպ արժեզրկելու այդ խաղաղության օրակարգը, որի կարևորության մասին ՀՀ կառավարությունը բազմիցս խոսել է»,- ասաց պատգամավորը: