ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում
կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը
հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի
ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին:
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական
գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին.
«Իհարկե, սա նաև նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության
հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան և հնարավորություն
կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաև ստանալ լիազորված տնտեսական
օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն
ներկայացվող պահանջները»:
Ի դեպ, նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողներն, իրենց փորձից ելնելով, նշել են, որ
այն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ կարճ ժամանակում կարողանում են ստանալ ապրանքը և
տնօրինել, ըստ նպատակային կիրառության:
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Տնտեսվարողներն իրենց
գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են՝
իրականացվում են բոլոր քայլերը՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ
դարձնելու նպատակով։ Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և
համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը հանձնարարել է աշխատանքային հանդիպումներ
կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ: