ՆԱՏՕ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ` ՉԱՋԱԿՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Բրյուսելում այսօր կայացած հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի առաջնորդները, Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված, որոշել են ուժեղացնել արևելյան թևի պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի առաջնորդների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ կառույցը միասնական է Ռուսաստանի ագրեսիային դիմագրավելու, Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին օգնելու և բոլոր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու հարցում: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են ստեղծել ևս չորս մարտական խմբեր Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում: Դաշինքի անդամները կոչ են արել Չինաստանին՝ չաջակցել Ռուսաստանին: Գագաթնաժողովից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է նաև, որ Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է առիթ ստեղծել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման համար՝ մեղադրելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին նման հարձակում նախապատրաստելու մեջ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր քննարկել են նաև G7-ի երկրների առաջնորդները: Հանդիպումից հետո Գերմանիայի կանցլերը կոչ է արել Մոսկվային՝ հնարավորինս արագ համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի շուրջ և ապահովել հումանիտար հասանելիություն: Օլաֆ Շոլցը իր խոսքում նշել է նաև, որ Եվրոպան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքները զգում է հատկապես էներգիայի և պարենային ապրանքների թանկացման տեսքով: Նրա խոսքով՝ G7-ի երկրները պայմանավորվել են նոր պատժամիջոցներ պատրաստել Մոսկվայի համար:
ՆԱՏՕ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ակտիվորեն շարունակում են սպառազինություն ուղարկել Ուկրաինա։
«Դա ոչ միայն հանգեցնում է մարտական գործողությունների ձգձգմանը, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նման մատակարարումներով արևմտյան երկրները կոպտորեն խախտում են զենքի չտարածման և անվտանգ պահպանման իրենց պարտավորությունները»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Կիևի հետ բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով:
ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ 15 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԲՈՐԵԼ
Ռուս-ուկրաինական բանակցություններին է անդրադարձել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչը:
«Ռուսաստանի կառավարությունն առայժմ շահագրգռված չէ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններ վարել, քանի որ նրա բանակը չի հասել իր ռազմական նպատակներին»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը՝ հավելելով, թե Մոսկվան նպատակ ունի գրավել ափը մինչև Մոլդովայի հետ սահմանը և կտրել Ուկրաինային ծովից:
Եվրամիությունը և նրա դաշնակիցները կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել ուկրաինական բանակին՝ շեշտել է Բորելը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կորոշվի առաջիկա 15 օրվա ընթացքում:
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՒ-Ն ԳՐԱՎԵԼ Է ԽԱՐԿՈՎԻ ՄԱՐԶԻ ԻԶՅՈՒՄ ՔԱՂԱՔԸ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից անցել է մեկ ամիս: Ռուսական բանակն ամբողջովին գրավել է Իզյում քաղաքը, որը Խարկովի մարզի շրջաններից մեկն է և ունի ավելի քան 50 հազար բնակիչ՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտնական ներկայացուցիչը: Իգոր Կոնաշենկովը մանրամասնել է նաև ուկրաինական կողմին պատճառած վնասների մասին։
Նրա խոսքով՝ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է ուկրաինական 60 ռազմական օբյեկտ: Ուկրաինայում հատուկ գործողության առաջընթացի, մարդասիրական օգնության և ազատագրված տարածքներում ենթակառուցվածքների վերականգնման մասին Ռուսաստանի նախագահին և Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկրի տնտեսության վիճակը, պատժամիջոցային դիմագրավելու մեխանիզմներն ու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը: