ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ռուսաստանի զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը, ռուսական կողմի վերահսկողության տակ են Զապորոժիեի մեծ մասը և Խերսոնը՝ ամբողջությամբ, հայտնել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Ուկրաինայի օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե լիովին ոչնչացվել են, ռազմածովային ուժերն այլևս չեն գործում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հատուկ ռազմական գործողության ընթացքում ուկրաինական կողմի զոհերի թիվը:
«Մեկ ամսվա ընթացքում ուկրաինական զորքերի կորուստը կազմել է մոտ 30 հազար մարդ։ Ռուսական կողմից զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ ներկայացրել է կորուստների մասին իր տվյալները․ դրանց համաձայն՝ Ռուսաստանը կորցրել է 16100 զինվորական: Սեփական զոհերի մասին թարմացված տեղեկություններ ուկրաինական կողմը վերջին օրերին չի հրապարակել։
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողներն աստիճանաբար համաձայնության են գալիս երկրորդական հարցերի շուրջ, սակայն սկզբունքային դիրքորոշումների հարցում «դոփում են տեղում», հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվել են ամբողջ շաբաթ, դրանք կշարունակվեն նաև մարտի 26-ին։
«Քննարկումներին տեսակապի ձևաչափով մասնակցում են փորձագիտական խմբեր: Շաբաթը 2-3 անգամ առանձին շփումներ են տեղի ունենում պատվիրակությունների ղեկավարների միջև»,- պարզաբանել է Մեդինսկին։
ՌԴ նախագահի խորհրդականը հայտնել է՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմը հանդես է գալիս համապարփակ համաձայնագիր կնքելու օգտին, որում, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից և անվտանգության երաշխիքներից, կներառվեն նաև Ռուսաստանի համար կենսական նշանակության դիրքորոշումներ։
«Առանց ապառազմականացման, ապազգայնականացման, Ղրիմի և Դոնբասի ճանաչման` Կիևի հետ համաձայնագրի կնքումը քիչ հավանական է»,- հստակեցրել է պաշտոնյան։
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են կոնսենսուսի՝ բանակցությունների օրակարգային վեց կետից չորսի շուրջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Նրա խոսքով` կողմերի դիրքորոշումները մոտ են Կիևի կողմից ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու, երկրում ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելու, հավաքական անվտանգության երաշխիքներին առնչվող հարցերում:
«4-րդ կետը վերաբերում է ապառազմականացմանը. Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջական զինաթափման մասին խոսք լինել չի կարող։ Սակայն այս հարցում էլ ուկրաինական կողմը պատրաստ է որոշակի զիջումների գնալ»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ պայմանավորվածություններ դեռևս չկան Ղրիմի և Դոնբասի հարցում։
«Թուրքիան ի սկզբանե դեմ է արտահայտվել թերակղզու օկուպացմանը։ Ես անձամբ եմ բարձրաձայնել Անկարայի դիրքորոշումը Պուտինի հետ բոլոր շփումների ժամանակ»,- հստակեցրել է Էրդողանը։
Նա հայտարարել է նաև, որ Անկարան պատրաստ է ընդունել միջազգային այն ընկերություններին, որոնք դուրս են գալիս ռուսական շուկայից, հավելել՝ Անկարան չի կարող միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որովհետև չի ցանկանում՝ թուրք ժողովուրդը սառչի առանց ռուսական գազի։
Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է նաև տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնն առաջարկել է Անկարային` Ռուսաստանից գնված C-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային։
«Այդ թեման փակված է: Դա մեր սեփականությունն է: Նրանք ցանկանում են Թուրքիայի համար խնդիրներ ստեղծել, սակայն արդյունքի չեն հասնի»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-Ը ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎՐԱ
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ուժ և վճռականություն դրսևորեն՝ ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գործակցությանը, հայտնել է Ջո Բայդենի խորհրդականը։ Ջեյք Սալիվանը, միաժամանակ, շեշտել է, որ ԱՄՆ-ն ճնշում չի գործադրի Ուկրաինայի վրա և չի ստիպի Ռուսաստանի հետ դիվանագիտական համաձայնություններ հաստատել։
Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ Միացյալ Նահանգները գործակցում է եվրոպացի և այլ գործընկերների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցով։ Դիտարկվում է Կիևին առափնյա պաշտպանության միջոցներ տրամադրելու հեռանկարը։ Նախագահի խորհրդականն ընդգծել է՝ ԱՄՆ-ն և Եվրոպան գրեթե չեն քննարկում Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու՝ Լեհաստանի առաջարկը։