Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել դոլարով և եվրոյով և կանցնի ռուբլով հաշվարկին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը շուրջ 10 տոկոսով ազդեց ռուբլու արժևորմանը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալով և սահմանված գնով: Մասնագետների գնահատմամբ՝ այս քայլը Ռուսաստանի ֆինանսական մեծ օգուտ չի ապահովի, բայց կտուժեն Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված երկրները:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Եվրոպայի համար սա իհարկե, խնդիր առաջացնելու է, որովհետև երկրները պատրաստ չեն, էդ ոչ բարեկամ երկրները գազի էքսպորտի մեջ կազմում են մոտ 80 տոկոսը: Իրենք դժվարություններ կունենան, որովհետև էս համակարգից դուրս են իրենց բանկերը` էդ եվրոպական երկրների բանկերը հիմնականում համակարգի մեջ ընդգրկված չեն: Էդ փոխարկումները, փոխանցումները, ռուբլով վճարումները զուտ տեխնիկական, բայց էական դժվարություններ են ստեղծելու:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը միտված է ռուբլու ամրապնդմանը: Հին աշխարհամասից գազ Ռուսաստանից ամենաշատը ներմուծում են Նիդերլանդները, Գերմանիան և Իտալիան:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Այդ հիմնական գործընկեր երկրները, որոնք հատկապես մեծ ծավալի գազ են գնում, բնականաբար պետք է կարողանան իրենց առևտրային այդ հարաբերությունները կարգավորել և ռուբլի պետք է ձեռք բերեն: Ռուբլի ձեռք բերելու համար վերջիններս կա՛մ դա պետք է դոլարի միջոցով անեն, կա՛մ այլ երկրներից, այսինքն՝ ռուբլին աշխարհի համար թանկացման փուլ է մտնում, որովհետև պետք է ունենան այդ:
Գազ-ռուբլի գործընթացից դուրս չէ նաև Հայաստանը: Խորհրդարանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը, սակայն լուծումների մասին խոսելը դեռ վաղ է:
Բագրատ Ասատրյան - Մենք ներմուծող ենք Ռուսաստանից մեծ ծավալի ներմուծող, ավելի քիչ ծավալի արտահանող: Մեզ ձեռք է տալիս ռուսական ռուբլով աշխատելը, բայց եթե ինչ-որ կանոններ պահպանվեն:
Տնտեսագետները չեն բացառում, որ արդյունքում եվրոպական երկրները ռուսական գազին այլընտրանք փնտրելուն զուգահեռ կփորձեն նաև դեպի Ռուսաստան իրենց ապրանքների արտահանման դիմաց ռուբլի ստանալ. սա կարող է որոշակի հակակշիռ դառնալ գազի դիմաց ռուբլով վճարելուն:
«Ի տարբերություն եվրոպական երկրների` Հայաստանը փոխարժեքի տատանումներից կխուսափի, եթե գազը ռուբլով ձեռք բերի»,- նկատում է Վիլեն Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյան - Մենք, հաշվի առնելով, թե ինչ հսկայական քանակությամբ ռուբլու ներհոսք կարող ենք ունենալ և փոխանցումների, տրանսֆերտների և արտահանման տեսանկյունից, բնականաբար, դա կարող ենք անել:
Ռուբլով գազ ձեռք բերելու թեմային անդրադրաձել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նշել՝ դա Հայաստանի համար հաջողություն կարող է լինել:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Եթե մենք ունենանք ֆիքսված գազի գին ռուբլով, դա հնարավորություն կտա, որպեսզի մենք հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ապագա ռուբլու ֆիքսված կուրս:
Նախարարի խոսքով՝ այս գործընթացի արդյունքում ռուբլու հետագա փոխարժեքի հետ կապված՝ արտահանողների համար կանխատեսելիություն կստեղծվի: