ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Եվրամիությունը չպետք է ուշացնի Ուկրաինային իր կազմ ընդունելու որոշումը, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Դուք տեսնում եք, որ Ուկրաինան պետք է դառնա Եվրամիության անդամ։ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը մեր կողմից են։ Մենք հավատում ենք Եվրամիությանը: Լիահույս եմ, որ Ֆրանսիան, Գերմանիան նույնպես մեզ հետ կլինեն»,- հայտարարել է նա Եվրոպական խորհրդին ուղղված ելույթում։
Ուկրաինայի նախագահը մեղադրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Ուկրաինայի նախագահը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպմանը, որից հետո հայտարարվել է՝ միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով աշխատեն։
G7-ի երկրները նաև «քայլեր են ձեռնարկում ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:
ԵՄ-Ն ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՍՏԵՂԾԻ
ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծելու շուրջ։ Այդ մասին ասված է Միության հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ագրեսիայի պատճառով Ուկրաինային հասցված վնասները՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Կիևին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո վերականգնելու ժողովրդավարական Ուկրաինան: Միությունը կոչ է անում անհապաղ սկսել նախապատրաստական աշխատանքները»,- նշվում է փաստաթղթում։
Եվրամիությունը նաև կշարունակի քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և նոր կոշտ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Բացի դրանից՝ Եվրամիության երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ապահովելու Ուկրաինա գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ՝ ԻՆՉ ԶԻՋԵԼ. ԲԱՅԴԵՆ
Ուկրաինայի իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ Ռուսաստանի հետ բանակցություններում գնալ տարածքային զիջումների թե ոչ։ Այդ մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ուկրաինայի մասին չի կարելի խոսել առանց Ուկրաինայի»,- նշել է նա։
Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել Մեծ քսանյակից Ռուսաստանին հեռացնելու օգտին, այնուհանդերձ ընդունել՝ որոշ երկրներ նման քայլի չեն գնա։
«Կարծում եմ՝ հարկավոր է դիտարկել Ուկրաինային G20-ի հանդիպումներին մասնակցության հնարավորությունը»,- հավելել է Բայդենը։
Նա նախազգուշացրել է՝ եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի, ՆԱՏՕ-ի հնարավոր միջամտության հարցը կհայտնվի օրակարգում։
Բայդենը նաև համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Նրանք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ արել Ռուսաստանին՝ դադարեցնել պատերազմը։ «ԱՄՆ և Եվրահանձնաժողովի նախագահները պատրաստակամություն են հայտնել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ ԱՄՆ-ը մտադիր է 320 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար», - ասված է փաստաթղթում։
ՆԱՏՕ-Ն ՌԴ-Ի ՀԵՏ ՈՐՈՇԱԿԻ ՇՓՈՒՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ
Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ հակամարտության չի վերածվի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Մենք ոչ միայն խոսքերով, այլև սահմանների մոտ ստորաբաժանումներ տեղակայելով ցույց ենք տալիս՝ ինչ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակումը»,- նշել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս նույնը չեն լինի, սակայն անհրաժեշտ է շարունակել շփումները սպառազինությունների վերահսկման և ռիսկերի նվազեցման հարցերում։
ՆԱՏՕ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը՝ շարունակելու աջակցել Կիևի ռեժիմին, հաստատում է, որ դաշինքը շահագրգռված է հետագա ռազմական գործողություններով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դաշինքի անդամ երկրները հետևում են Ռուսաստանին զսպելու՝ Վաշինգտոնի քաղաքականությանը: Ուկրաինա զենք ուղարկելով՝ Բրյուսելը դրդել է Կիևին ուժ կիրառել Լուգանսկի և Դոնեցկի դեմ և այժմ իր գործողությունների սարսափելի պտուղներն է քաղում»,- ընդգծել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ռազմականացնում է Եվրոպան։ «Հայտարարվել է Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում դաշինքի նոր բազմազգ գումարտակային խմբերի ստեղծման մասին: Նոր հող է նախապատրաստվում «հակառուսական կուրսի» երկարաժամկետ ամրապնդման համար»,- հավելել է նա։