Միացյալ Նահանգները խստորեն մտահոգված է գազամատակարարման խաթարումներով և ադրբեջանական զորքի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը, ուղիղ կապի միջոցների կիրառմամբ, պետք է անհապաղ ապաէսկալացնեն իրավիճակը։ Այս մասին, ՀՀ-Արցախ գազատարի վնասման, Արցախում գազամատակարարման խափանման և ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Շարունակվող լարվածությունը տարածաշրջանում, այդ թվում՝ տեղի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների մասին հաղորդումները, մեկ անգամ ևս ընդգծում են դիվանագիտական շփումները մեծացնելու անհրաժեշտությունը։
Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործում՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ։
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում»,- հայտնել են դեսպանատնից: