ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին:
«Տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող՝ արցախահայությանը իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու, ԼՂ հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որի ականատեսն ենք: Մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական տեսք, որի մասին ՀՀ իշխանությունները տեղեկացրել են ու ահազանգել միջազգային հանրությանը»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանն ընդգծեց, որ խոսքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին է:
«Փաստացի, այս առաջխաղացման արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Մեր ակնկալիքն է՝ ստանալ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչ պայմաններում և ինչի արդյունքում է տեղի ունեցել: Ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանը նշեց, որ, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինքն ակնկալում է գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը, և որով կբացառվեն վերջիններիս պատասխանատվության գոտում նմանատիպ սադրանքները:
«Կարծում եմ, որ առնվազն սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է լուծումներ գտնել ու հասնել այն կետին, որ եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորությունները բոլոր կողմերն իրականացնեն, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: