Հայաստանում կարգելվի սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքների արտադրությունը, ներկրումը և արտահանումը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի խոսքով՝ նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է թունավոր նյութերի արտանետումներից:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Օրինակ՝ առողջապահության ոլորտում լայն կիրառվող ջերմաչափերը ամենաակներև օրինակն են էս մասով:
Սնդիկ պարունակող ջերմաչափերը հնարավոր է փոխարինել այլընտրանքային, օրինակ՝ էլեկտրական ջերմաչափերով: Այդ ցուցակում են նաև լյումինեսցենտային լամպերը, բարոմետրերն ու մանոմետրերը: Ջերմաչափերն ու մյուս սնդիկային սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը հաստատելու է Կառավարությունը։
Գայանե Գաբրիելյան - Իհարկե, ռեպրեսիվ միջոցներ չեն կիրառվելու, և չեն հավաքվելու դրանք բնակչության մոտից, այլ բնական եղանակով, ինչ որ ժամանակ հետո կվերանան, որովհետև ներկրման հնարավորություն այլևս չկա, իսկ Հայաստանում դրանց արտադրությունը չկա:
Թե որքան սնդիկի պաշար է այսօր կուտակված մեր երկրում՝ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ հրապարակման ենթակա չէ, քանի որ սնդիկը գաղտնի տեղեկություն պարունակող և ռազմավարական նշանակության արդյունահանվող արտադրատեսակ է:
Գայանե Գաբրիելյան - ՀՀ-ում ո՛չ «Նաիրիտում», ո՛չ ոսկու արդյունահանման շրջափուլերում, չի կիրառվել սնդիկ, Հայաստանը այն երկիրն է որ կիրառել է այլընտրանքային տեխնոլոգիաներ:
Հիմա աշխատանքներ են տարվում մեր երկրում առկա սնդիկի վերամշակման նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ:
Գայանե Գաբրիելյան - Դրանց մշակման և վերամշակման համար մենք պետք է ունենանք վայր, որտեղ կիրականացվի դրա զտումը հիմնական ապրանքատեսակից, և դրա վերամշակումը, որը ևս սարքավորում է պահանջում:
Օրինագիծն ընդունվել է Մինամատայի՝ սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է արդեն 105 երկիր:
Գայանե Գաբրիելյան - Մենք վավերացրել ենք կոնվենցիան, 2017 թվականից այս գործընթացն սկսվել է:
Օրենքը չի տարածվում քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի, հետազոտական սարքերի, այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների վրա:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան