Ամալյա Համբարձումյան (սուպերմարկետի մենեջեր) - Հաճախորդները շատ-շատ են հարցնում, հաճախ են հարցնում. մեկ լիտրանոց կաթը ներկա պահին չկա:
Արդեն մի քանի օր է՝ խանութների ցուցափեղկերից բացակայում է ստվարաթղթե փաթեթով մեկ լիտրանոց պաստերիզացված կաթը: Այդ տարողությունն ամենասպառվողն է՝ ասում է սուպերմարկետի մենեջերը: Թեև ձմռանը կաթի արտադրության ծավալը նվազում է, սակայն դա չի նշանակում, թե երկրում կաթի պակաս կա՝ վստահեցնում են կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունում:
Քրիստինա Կարապետյան (կաթ վերամշակող ընկերության որակի գծով փոխտնօրեն) - Հումքի խնդիր, հզորությունների խնդիր չունենք:
Մեկ լիտրանոց, 3.2 տոկոսանոց կաթի չլինելը պայմանավորված է ստվարաթղթե փաթեթների պակասով: Փետրվարից սկսած՝ ընկերության համար Հայաստան ներկրվող խմբաքանակը տեղ չի հասնում Վերին Լարսում բեռնատարների կուտակումների պատճառով: 3.2 տոկոսանոց պաստերիզացվածի փոխարեն սպառողներին առաջարկում են քիչ բարձր գնով ուլտրապաստերիզացվածը, որը 100 տոկոսով մանրէազերծված է: Փաթեթավորվում է իտալական յոթ շերտ ստվարաթղթով, համարվում հակասեպտիկ:
Քրիստինա Կարապետյան - Շնորհիվ փաթեթավորման բաղադրության՝ այսպիսի կաթը կարելի է մինչև 8 ամիս փակ վիճակում պահել, բացելուց հետո կաթը պիտանի է երեք օր:
Պաստերիզացված մեկ լիտրանոց, եվրոպական արտադրության փաթեթները ներկրվում էին Ռուսաստանից, առանց մուտքի մաքսատուրքի:
Փաթեթների հետ կապված ևս մեկ խնդիր կա: Պատժամիջոցներով պայմանավորված՝ տուփեր արտադրող ընկերության մասնաճյուղերը Ռուսաստանում ևս փակվել են:
Հիմա դրանք Եվրոպայից ներկրելու ուղիներ են փնտրում: