Կիլոգրամ, կնիք, ուղեկցվող փաստաթուղթ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Հայաստանում գործող մսի վաճառակետերում ու սպանդանոցներում խստացված մշտադիտարկում են սկսել:
Գուրգեն Պետրոսյան (ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ) - 43.5 կիլոգրամ ստացել էին, հիմա իրենց մոտ 20 կիլոգրամի չափ վաճառել էին, առկա է 20 կիլոգրամ խոզի միս: Ավելի չէ՝ կարևորը: Եթե ավելի լիներ, դե, ստացվում է՝ մի թղթով բերել էին այլ կենդանու խոզի միս:
Օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հրավիրված քննարկմանը սպանդանոցների տերերը կասկած էին հայտնել, որ որոշ կազմակերպություններ կենդանու մորթի մասին հավաստող փաստաթուղթ են վաճառում:
Կասկածները հաշվի առնելով՝ մարտի 15-ից ՍԱՏՄ ղեկավարի հրամանով ստուգվում են վաճառակետերում առկա մսի խմբաքանակն ու սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևը, մարտի 21-ից էլ սկսել են ստուգել սպանդանոցների տրամադրած փաստաթղթերը: Առանց փաստաթղթի մսի վաճառք տեսուչներն արդեն հայտնաբերել են:
Հովիկ Բատիկյան (ՀՀ ՍԱՏՄ անասնաբուժության վարչության գլխավոր տեսուչ) - Իմ մասնակցության ընթացքում արդեն արձանագրվել են խախտումներ, դեպքեր, որ խանութներում վաճառվող մսեղիքը չունի սպանդանոցային ծագում:
Կստուգվեն նաև մինչև սպանդանոց համայնքային անասնաբույժների տրամադրած համար մեկ փաստաթուղթը: Այնուհետև բոլոր տվյալները կհամադրվեն մորթից հետո էլեկտրոնային համակարգ մուտքագրված 5-րդ ձևում նշված քանակի ու մսի վրա դաջված կնիքների հետ: Առավել հավաստի ստուգման արդյունք ունենալու համար, օրինակ, Երևանի այս վաճառակետերը ստուգում են Արմավիրի տեսուչները: Մայրաքաղաքի տեսուչներն էլ մեկնում են մարզեր:
Հովիկ Բատիկյան - Որպեսզի չստացվի այնպես, որ ամեն անգամ նույն տեսուչն է իրականացնում ստուգումները, մենք մեր աշխատակիցներին հաճախ ենք տեղափոխում մեկ մարզից մեկ այլ մարզ:
Ստուգվում են ոչ միայն փաստաթղթերը, այլև վաճառակետերում մսի պահպանման պայմանները, սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը: Ստուգման արդյունքները կհրապարակվեն մայիսի վերջին: