2022 թվականի մարտի 23-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբում ընդգրկված՝ անվտանգությունն ապահովող ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերի կացարաններում: Խուզարկության արդյունքում կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման խոհանոցում տեղադրված սառնարանից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ թաքցված շարժիչի վրա։
Տոպրակում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթի հետ 22,36 գրամ քաշ կազմող բուսական զանգված: Մեկ այլ կացարանի ընդհանուր օգտագործման խոհանոցի օդանցքից հայտնաբերվել է կանեփի 13 սերմնահատիկ:
Նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկություն են իրականացրել խցերից մեկում: Խուզարկության արդյունքում սանհանգույցից հայտնաբերել են ձեռնոցում թաքցված ապակյա սրվակ՝ կասկածելի զանգվածով, իսկ նույն խցում պահվող կալանավորված անձ Մ. Պ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություններ: