Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին։
«Ինձ համար շատ հաճելի է ձեզ հանդիպել, քանի որ մեր մարզի համար ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը շատ կարևոր է և ես, որպես Շիրակի մարզպետ, խիստ գնահատում և առանձնակի ակնածանքով եմ վերաբերվում ձեր գործունեությանը։ Կարծում եմ՝ միասին մենք շատ բան կկարողանանք անել և այս հանդիպումն հենց այդ նպատակն ունի՝ առավել առարկայական դարձնել մեր համագործակցությունը, համատեղ ջանքերով գնալ խնդիրների լուծման ճանապարհով։ Բոլորիդ հետ առանձին հասցրել եմ խոսել ու լսել ձեր մտահոգությունները, հիմա էլ պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը և վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք բարձրացված հարցերի լուծման գործում։ Թատրոնի, որպես ապրող օրգանիզմի գործունեությունը, շատ եմ կարևորում, քանզի թատրոններն այցեքարտ են մեր քաղաքի, մեր մարզի համար»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Արվեստագետները շնորհակալություն են հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ կարևորելով մարզային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու համագործակցության պատրաստակամությունը։
«Շնորհակալ ենք բարեկամական վերաբերմունքի համար, մենք դա զգացել ենք և եթե անգամ բացթողումներ էլ կան մեր համագործակցության մեջ՝ կշտկենք, քանզի զգում ենք նաև ձեր պատրաստակամությունը։ Մեր թատրոնի գործունեությունը ներկայացնելու կարիք չկա՝ տեղեկացված եք, նաև խոսել ենք մեր խնդիրներից, խոսքս թատրոնի պատուհանների ու որմնանկարի մասին է։ Այս խնդրին անդրադառնում եմ 4-5 տարի, ձեզ գրավոր դեռ չեմ դիմել, հաստատ կդիմեմ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տիկնիկային թատրոնի տանիքի նորոգման խնդրին, Մտորումների թատրոնի առաջիկա անելիքներին, ինչպես նաև արվեստագետներին պետական պարգևներ, պատվավոր նոր կոչումներ շնորհելուն վերաբերող հարցերի։