Եվս մեկ շաբաթ, և Շիրակի ու Լոռու նոր պարեկներն արդեն ավարտած կլինեն կրթական պրոցեսը, մինչև ապրիլի կես էլ ծառայության կանցնեն: Հիմա այդ մարզերում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ շենքերի վերանորոգում, տեխնիկական վերազինում: Պարեկային 100 նոր մեքենա արդեն Հայաստանում է, 40-ը՝ ճանապարհին: Ոստիկանությունում վստահ են՝ մինչև ծառայության մեկնարկը ամբողջ ավտոպարկը համալրված կլինի: Երկու մարզի գնդերի, ինչպես նաև Երևանի գունդը համալրելու համար 549 թեկնածու կա:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Այս պահին տվյալ անձինք վերապատրաստում են անցնում և ավարտական քննությունների արդյունքում կնշանակվեն պարեկային ծառայությունում:
Պարեկ կարող են դառնալ ինչպես ոստիկանության ծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք: Երևանի պարագայում հարաբերակցությունը 70/30 էր՝ քաղաքացիականները շատ էին, Շիրակում ու Լոռիում պատկերն այլ է՝ 55 տոկոս ոստիկաններ, 45՝ քաղաքացիականներ: Փետրվարի 28-ից սկսվել է ևս 4 մարզի՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի համար պարեկային ծառայողների ուսուցման դիմումների ընդունումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Այս 4 մարզում 606 պարեկ կշրջեն: Ստացված դիմումների թիվն արդեն անցել է 900-ը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Այս պահի դրությամբ իգական սեռի 23 ներկայացուցիչ ևս դիմել են, որ հետագա փուլերն անցնելու պարագայում դառնան սովորողներ: Պետք է ընդգծեմ, որ շատ կարևոր է ոլորտի բարեփոխումների տեսանկյունից ապահովելու ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց ներգրավվածությունը այս ծառայությունում, ինչպես նաև իգական սեռի ներկայացուցչությունը:
Ուսանողը տղամարդ է թե կին՝ ունի նույն հնարավորությունները: Ընդունելության դիմում հնարավոր է ներկայացնել ոստիկանության ակադեմիայում՝ լրացնելով սահմանված ձևաթուղթը: Դիմորդը պարտադիր պետք է ունենա ինչպես իր, այնպես էլ մերձավոր հարազարտների փաստաթղթերն ու պատճենները, ատեստատ կամ դիպլոմ, նաև՝ լուսանկար:
Մանուկ Մուրադյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ) - Ընդունելությունը կազմակերպվում է 3 փուլով՝ ֆիզիկական պատրաստակամության ստուգում, ընդհանուր պատրաստվածության գիտելիքների ընդհանուր համալիր ստուգում և հարցազրույցի փուլ:
Այս ամենից հետո հետո գալիս է մրցութային փուլը, և ուսման պրոցեսին մասնակցում են այն դիմորդները, որոնց հավաքած բալերն ավելի բարձր են:
Մանուկ Մուրադյան - Սակայն եթե այլ մարզերում, մրցույթի արդյունքներով, մնում են թափուր տեղեր, անձը իր հետադարձ դիմումի հիման վրա կարող է մասնակցել թափուր տեղերի մրցումներին՝ դիմումի մեջ նշելով հատկապես այն մարզը, որի մրցույթին ուզում է մասնակցել:
Պարեկ լինելու համար անհրաժեշտ է նաև Բ կարգի վարորդական վկայական: Վարորդական իրավունք չունեցողները ընդունելությունից հետո երկու ամսում պետք է ներկայացնեն այն, հակառակ պարագայում դուրս կմնան ուսումնական պրոցեսից: Լուռու և Շիրակի պարագայում 32 ուսանող հենց վարորդականի հետ կապված խնդրով է դուրս մնացել ուսումնական պրոցեսից:
Մանուկ Մուրադյան - Դրա համար ընդունելության փուլի ժամանակ մենք այնպիսի ձևաչափով ենք կազմակերպում ընդունելությունը, որպեսզի տեղերի քանակը ըստ յուրաքանչյուր մարզի տեղերի քանակից որոշակի ավելի լինի, որ նման իրավիճակները հաղթահարելի լինեն:
Հեռու մարզերից եկածների և սոցիալական խնդիր ունեցողների համար ակադեմիայի տարածքում հանրակացարանային հատված կա, սակայն մինչև 80 հոգու համար նախատեսված: Ամբողջ ուսման ընթացքում ապագա պարեկները կստանան 68000 դրամ աշխատավարձ:
Արդեն աշխատանքի անցնելուց հետո պարեկների աշխատավարձը կլինի առնվազն 320 հազար դրամ՝ ներառյալ հարկերը: 4 մարզում պարեկային ծառայությունը կներդրվի այս տարվա ավարտին կամ հաջորդ տարեսկզբին:
Մյուս 4 մարզում էլ պարեկները ծառայության կանցնեն 2023-ի երկրորդ կեսից: