Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են ԼՂ-ի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից: Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության պահպանման ուղիները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Անկարան չի կարող միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Մենք չենք ցանկանում, որ թուրք ժողովուրդը սառչի առանց ռուսական գազի` հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է նաև տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնն առաջարկել է Անկարային` Ռուսաստանից գնված C-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային։ «Թեման փակված է: Դա մեր սեփականությունն է: Նրանք ցանկանում են Թուրքիայի համար խնդիրներ ստեղծել, սակայն արդյունքի չեն հասնի»,- ընդգծել է նա։
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ մտադիր է խոսել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ներկայացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։
Էրդողանն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Կողմերն անդրադարձել են Կիևին ռազմական և տնտեսական աջակցության հնարավորությունը, ինչպես նաև անվտանգային սպառնալիքների ֆոնին, այդ թվում` Սև ծովում, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցին։
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ԳԱԶԻՑ
Բուդապեշտը մերժել է ռուսական նավթից ու գազից հրաժարվելու և ուկրաինական կողմին Հունգարիայի տարածքով զենք մատակարարելու՝ Կիևի կոչերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովից հետո։
Նա ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը չի ցանկանում վտանգել իր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։ Սիյարտոն նաև մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ Ռուսաստանի հետ առճակատման կոչերի կապակցությամբ և շեշտել՝ Բուդապեշտը կանի ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից։
Գերմանիայի փոխկանցլերը համակարծիք է՝ դեռ վաղ է խոսել Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների նկատմամբ ամբողջական էմբարգոյի մասին։ Ռոբերտ Հաբեքը համոզմունք է հայտնել, որ նման քայլի տնտեսական և սոցիալական հետևանքները չափազանց ծանր կլինեն։
Սպիտակ տնից էլ հայտնում են, որ ԱՄՆ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրամիության հետ՝ մինչև 2022-ի վերջ սկսել եվրոպական շուկա տարեկան 15 միլիարդ խորանարդ մետր բնական հեղուկ գազ մատակարարել։ Նպատակը Ռուսաստանից Միության էներգետիկ կախվածությունը նվազեցնելն է:
ԵՄ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հաստատել են ԵՄ առաջին պաշտպանական ռազմավարությունը։ «ԵՄ ռազմավարական կողմնացույց»-ի շրջանակում նախատեսվում է 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր ձևավորել, որոնք կկանխեն հնարավոր ճգնաժամերը։ Այդ մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ուկրաինայում հակամարտությունն ապացուցում է, որ Եվրամիությանը շատ ավելի մեծ վտանգ է սպառնում, քան մենք կարծում էինք մի քանի ամիս առաջ»,- նշել է նա։ Բորելի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ ԵՄ-ն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի համար ավելի ուժեղ գործընկեր կդառնա։