Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումներ իրականացնել տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից Ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:
Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել մի քանի ծրագրում՝ ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։ Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում «Հայր և որդի Երեմյաններ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ և ներդրում՝ «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։
ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։ Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանասվորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։
Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Ֆոնդի մասնակցությունը 25-49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5-4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: