Թուրքիան չի կարող միանալ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման պատժամիջոցներին, քանի որ չի ցանկանում, որ իր քաղաքացիները ձմռանը սառչեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող մի կողմ դնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թուրքիայի սպառած գազի կեսը երկիր է մատակարարվում Ռուսաստանից։ Բացի դրանից՝ այսօր մենք Ռուսաստանի հետ կառուցում ենք մեր «Աքկույու» ատոմակայանը։ Մենք չենք կարող այս ամենն անտեսել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի համար փակ է Ուկրաինային С-400 ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցը։ Թուրք առաջնորդի խոսքով՝ նախկինում Ռուսաստանից գնված այդ զենքն այժմ պատկանում է Անկարային, և չեն կարող փոխանցել այլ պետության։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնկալում է մոտ օրերս զանգահարել ՌԴ նախագահ Պուտինին՝ քննարկելու ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը խոսել է Hürriyet թերթին տված հարցազրույցում։
Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է համատեղ գնահատեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։ Նա ենթադրում է, որ Պուտինի հետ իր հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ այս կամ հաջորդ շաբաթ։