ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԵՑՎԻ
Արտահանող, ներմուծողների համար սահմանային հսկողությունը կպարզեցվի: Նախագիծը ՊԵԿ-ն է մշակել՝ առաջարկելով ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, որ սահման հատող տնտեսվարողը նույն փաստաթղթերը ձեռքին տարբեր օղակներով չանցնի: Հարցը զեկուցող Ռուստամ Բադասյանը բացատրեց՝ ներկայում սահմանային անցակետում ներկայացված 5 մարմնի փոխարեն կմնա երկուսը՝ մաքսայինն ու ԱԱԾ սահմանապահ զորքերը: Գործառույթները կվերաբաշխվեն:
Ռուստամ Բադասյան (Պետական եկամուտների կոմիտեի նախագահ) - Ընդունման նպատակը այն է, որ սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Սահմանային հսկողության պարզեցմանը վերաբերող երկու հարց էլ չզեկուցվող փաթեթով ընդունվեց: Բադասյանը դրանց էլ անդրադարձավ, եթե ներմուծման ամբողջ գործընթացը 2-3 օր էր տևում, ապա նախնական հայտարարագրման դեպքում այդ ժամկետը կրճատվում է՝ դառնալով ընդամենը 2-3 ժամ: Սպասարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով, մաքսակետում ռեկորդ էլ է գրանցել՝ ապրանքը 32 րոպեում է բաց թողնվել:
Ռուստամ Բադասյան - Հիմա աշխատանքներ են տարվում այս համակարգը առավելագույնս լայնորեն կիրառելու, ու երբ որ զեկուցվող փաթեթը կմտնի ուժի մեջ՝ ԱԺ-ի ընդունելուց հետո, ու կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կամ 30 րոպեն կրկին կկրճատվեն մի քանի անգամ:
Հավելյալ արգելափակոցներից բեռնաթափվող մաքսային կետերին զուգահեռ արտահանողներն ու ներմուծողները կռեյտինգավորվեն, վարչապետի կարծիքով՝ ցուցիչներից մեկը պետք է դառնա հարկային վարքագիծը, որ օրինապահ բիզնեսը կանաչ լույս ստանա, իսկ մաքսանենգության դեպքերը հնարավորինս բացառվեն: Որոշումը սոցիալական էֆեկտ էլ կունենա, ծախսերի կրճատումը, ըստ Փաշինյանի, կազդի ապրանքների գների վրա: Երկրի ղեկավարն ընդգծեց նաև ԵԱՏՄ վերջին որոշումը, որով 430 անուն ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են: Փոխվարչապետն արձագանքեց՝ ասաց՝ ևս մեկ փաթեթ էլ է սպասվում:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ներկայացրել ենք մեկ այլ խումբ ապրանքների մաքսատուրքից ազատելու հայտ, հանձնաժողովում էս պահին քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակենք նոր ցանկ, որոնք ազատված կլինեն մաքսատուրքից, և, կարծում եմ՝ դրական ազդեցություն կունենան և կզսպեն գների աճն ակնհայտորեն:
Գրիգորյանը ֆունդամենտալ որակեց նաև ԵԱՏՄ որոշումը մաքսատուրքից կրկին ազատել էլեկտրամոբիլների ներկրումը: Գործարանային գնով, նաև առանց ԱԱՀ-ի 2022 թվականի համար 7 հազար, 2023-ին էլ՝ 8 հազար մեքենա կարող է ներկրվել Հայաստան:
ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵՆ
Կառավարությունը որոշեց՝ 6 ամսով կսուբսիդավորի նաև Փոթի-Կավկազ նավահանգիստ՝ լաստանավով բեռների տեղափոխման ծախսերը՝ լաստանավի վարձակալությունն իր վրա վերցնելով: Նախարար Քերոբյանը նկատեց՝ սա այլընտրանք է առատ տեղումների պատճառով հաճախ փակվող Լարսին և ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը: Նախագծի կարևորությունը նաև վարչապետն ընդգծեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Լաստանավով իհարկե նաև ավտոմեքենային հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա, որը, կարծում եմ, ունի հետևյալ առավելությունը՝ էսօր կան շատ արտահանվող ապրանքներ, որոնք իրենց արտահանման ճանապարհին մի քանի անգամ բեռնվում ու բեռնաթափվում են, և այս պարագայում այդ կարգի ապրանքները կարող են շատ երկար երկաթուղային ճանապարհ սկսել Հայաստանից, և ժամանակը կարևոր է էս որոշումը կայացնելու համար:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒՆ
Օրակարգային մեկ այլ հարցով Կառավարությունը հավանություն տվեց շահումով խաղերի ոլորտը խստացնելու պատգամավորական նախաձեռնությանը: Նախատեսվում է առաջի փուլում սահմանափակել կանխիկով ու վճարային տերմինալներով խաղադրույքների կատարումը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը: Այդ ժամանակ խաղային հաշվին գումար կարող է փոխանցվել բացառապես բանկային քարտից:
Տիգրան Խաչատրյան (ֆինանսների նախարար) - Ֆինանսական հոսքերի նկատմամբ շատ ավելի հստակ վերահսկողության մեխանիզմներ կկիրառվեն, դա թույլ կտա նաև, որ այն հարկերը, որոնք վճարվում են այդ ոլորտից, նույնպես համաչափ դարձնենք այն դրամական հոսքերին, որ առկա են ներկայում:
Ոլորտում վերջին տարիներին 2 անգամ ավելացել է մասնակիցների թիվը, իսկ դրամական շրջանառությունը դարձել անհավանական մեծ: Փաշինյանը ներկայացրեց ֆինանսների նախարարի՝ իրեն ներկայացրած տվյալները:
Նիկոլ Փաշինյան - 2021-ի ընթացքում խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրիոն 900 միլիարդ դրամի շրջանառություն, սա մեր երկրի պետական բյուջեն կրկնակի գերազանցող ցուցանիշ է:
Ոլորտում ազատ խաղացողների կրճատումը սկսվել էր 2018-ից՝ նախ խաղային ապարատները բացառվեցին, բուքմեյքերական կետերի թիվը պակասեց, սահմանափակվեց գովազդը, ու արդյունքում ի հայտ եկավ խնդրի իրական ծավալը՝ նկատեց Փաշինյանը: Ըստ նրա՝ երբ բացառվի կանխիկի շրջանառությունը, խաղացողի ընտանիքի, պետության, անհրաժեշտության դեպքում նաև՝ իրավապահների, բանկերի համար տեսանելի կլինի, թե մարդն իր փողը ինչի՛ վրա է ծախսում: Օրինակ՝ ստացած նպաստով խաղո՞ւմ է, թե՞ ոչ: Նույնականացումն ապահովելուց հետո պետք է խստացվի նաև ոլորտում հարկային քաղաքականությունը՝ հանձնարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - 3 տրիլիոն 900 միլիարդ, չենք կարծում, որ պետությանը վճարվող հարկերը արդար են, հետևողականորեն մինչև վերջ գնալու ենք:
Գործադիրը հերթական արտոնությունը տվեց ՏՏ ոլորտին: Նոր աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը պետությունը կվերադարձնի: Խոսքը մարտի 1-ից գրանցվածների մասին է, նպատակն է նաև՝ երկրում պահել բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Արտոնությունը նախնական մեկ տարով է ներդրվում՝ հետագայում օրենք դառնալու ծրագրով: