Հարավային Կորեան մի շարք բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայից ենթադրաբար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման: Այս մասին հայտնել են Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեից:
«Կորեայի Հանրապետության բանակը ստուգել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման դեպքում արդյոք կարող է և պատրաստ է ցանկացած ժամանակ ճշգրիտ խոցել արձակման կետը, հրամանատարությանը և աջակցող ենթակառուցվածքները»,- հայտնել են զինվորականները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականները հաստատել են, որ ԿԺԴՀ-ի հրթիռն անցել է մոտ 1080 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է ավելի քան 6200 կիլոմետր: Այս տարվա ընթաքում սա ԿԺԴՀ-ի արդեն 12-րդ հրթիռի արձակումն է:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ շարունակվող հրթիռային արձակումներն անթույլատրելի են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթների խախտում են: