ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չան Մինը: «Այս հարցում անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամկետներ նշել։ Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնենք»,- նշել է պաշտոնյան։
Չան Մինի խոսքով՝ ՇՀԿ անդամ պետությունները համակարծիք են, որ կազմակերպության մեջ հակասություններ չպետք է լինեն, և դա պարտավորություն է, որը պետք է կատարի կազմակերպությանն անդամակցելու հավակնություն ունեցող ցանկացած երկիր։
ԼԱՎՐՈՎԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԿԽՄԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայում, Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը։ Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։ «Բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներԻՆ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ՝ ԵՐԵՔ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Այսօր ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող երեք կարևոր գագաթնաժողովներ են անցկացվելու: Արտակարգ հանդիպումներ կանցկացվեն ՆԱՏՕ-ի, Եվրամիության և G7-ի ներկայացուցիչների կողմից։ Կիևի պատվիրակությունը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան նշել է, որ չի ակնկալում կոշտ և արմատական որոշումներ, սակայն, նրա կարծիքով, «արդյունքն, անկասկած, կլինի ժամանակի ընթացքում»։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետԸ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում առաջարկ կներկայացնի՝ Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ Կիևն իրավունք ունի դիմելու ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելության կամ այլ պետությունների զորքեր հրավիրելու հարցով։
ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ԱՄԻՍ. ԶԵԼԵՆՍԿԻ
Իր ելույթում այսօր սպասվող գագաթնաժողովներին անդրադարձել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից բովանդակալից քայլեր է սպասում: «Այս երեք գագաթնաժողովներում ներկայացվել է մեր հստակ դիրքորոշումը։ Մենք կտեսնենք, թե ով է ընկեր, ով՝ գործընկեր, ով է ծախվել ու դավաճանել»,- նշել է Ուկրաինայի նախագահը, նաև հիշեցրել, որ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից անցել է մեկ ամիս: Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հայտարարել է, որ իր երկիրը դիմակայել է վեց անգամ ավելի երկար, քան ծրագրել էր Ռուսաստանը: Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան հաղթանակած դուրս կգա այս իրավիճակից: «Սա պատերազմ է հանուն անկախության»,- շեշտել է Զելենսկին՝ կոչ անելով աշխարհին ստիպել Ռուսաստանին ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ քաղաքական հարցերում խաղաղության ձգտել:
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի բանաձևի նախագիծը, որով կոչ է արվում դադարեցնել կրակը խաղաղ քաղաքացիների տարհանման համար։ Բանաձևի օգտին քվեարկել են Ռուսաստանը և Չինաստանը։ Անվտանգության խորհրդի մնացած անդամները ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը քվերակությունից առաջ անընդունելի է համարել, որ Ռուսաստանը համարձակություն ունի առաջարկել բանաձև՝ խնդրելով միջազգային հանրությանը լուծել հումանիտար ճգնաժամը, որը, նրա խոսքով, միայն Ռուսաստանն է ստեղծել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քննադատել է Ռուսաստանի նախաձեռնած մարդասիրական բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մերժելը։ Նեբենզյան հայտնել է, որ ՄԱԿ-ի քայլը թույլ կտա Ուկրաինայի իշխանություններին հետագայում ևս մարդկանց օգտագործել որպես կենդանի վահան։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հակադարձել է՝ նշելով, որ ուկրաինացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևը հարկավոր չէ:
ԱՄՆ-Ը ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՉԻ ԽԱՂՈՒՄ ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ. ՍԱԼԻՎԱՆ
Վաշինգտոնը միջնորդի դեր չի խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական շփումներում. Կիևը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այս իրավիճակում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է ընթացող դիվանագիտական աշխատանքի մոնիթորինգում, թեև ամերկյան կողմն ուղղակիորեն սեղանի շուրջ չէ կամ ուղղակիորեն միջնորդի դեր չի խաղում:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը Մերձավոր Արևելքի երկրներին ստիպում է ԱՄՆ-ի աջակցությանը այլընտրանք փնտրել` Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չեն կարող ազդել միջազգային ասպարեզում իրավիճակի վրա: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրի միջև մշտական համագործակցության և երկկողմ համաձայնագրերի իրականացմանը, մասնավորապես, տնտեսական և առևտրի ոլորտներում, չնայած Արևմուտքի կողմից երկու երկրներին պարտադրված քայլերին: Բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել նաև ահաբեկչության դեմ պայքարին։