ԵԱՏՄ հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու շատ կարևոր որոշում է կայացվել, ինչը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու գների վրա՝ Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրոք աննախադեպ որոշում է կայացվել մարտի 17-ի նիստի ընթացքում՝ իրավիճակից կախված, իհարկե, բայց, այնուամենայնիվ, մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա, և կարծում եմ՝ ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն: Մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է, դա, իհարկե, դիսկրետ որոշում է՝ միջինում վեց ամիս ժամկետով, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա: Որոշակի մուտքեր մաքսատուրքերի գծով բյուջե կնվազեն, բայց, կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով այլ որոշումների՝ նա նշեց, որ վերջին շրջանում հնարավոր եղավ հասնել էլեկտրական շարժիչով մեքենաների համար քվոտավորված լուծումների. մասնավորապես, Հայաստանը 2022 թվականի համար 7 հազար և 2023 թվականի համար 8 հազար մեքենայի մասով արտոնություն ունի:
«Հիշեցնեմ նաև, որ մենք այդ մեքենաները նաև ԱԱՀ-ից ենք ազատում. ըստ էության ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են գործարանային գնով ձեռք բերել և շահագործել»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ առաջիկայում կհրապարակվի ապրանքների ցանկ, որոնք ազատված կլինեն մաքսատուրքերից և ակնհայտորեն կզսպեն գների աճը: