Ազգային ժողովում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության Հայաստանի փորձը ոգևորիչ է անգամ Ֆրանսիայի համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է ներկայացրել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով 66-րդ նստաշրջանի մանրամասները:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Տիկին նախարարը խնդրեց մեզ հայկական փորձով կիսվենք և օգնենք իրենց, որպեսզի մոդելների մշակումը ավելի արդյունավետ լինի:
Աղջիկների շրջանում Հայաստանում Այ Թի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցից է սկսվում. «Արմաթ» լաբորատորիաների, ինժեներական խմբակների թիվը մի քանի հարյուրի է հասնում, կան նաև պետական զբաղվածության ծրագրեր ԲՏԱ նախարարության հետ գործակցությամբ:
Նարեկ Մկրտչյան - «Թումոն» նույնպես, որը և Ֆրանսիայում էլ արդեն կա, նաև պետական ծրագրեր, օրինակ՝ սահմանամերձ գյուղերում կանայք կարող են վերապատրաստվել որոշակի ծրագրերի մեջ և կարող են հեռավար ծրագրեր: Մենք առաջիկա օրերին կհայտարարենք միայնակ մայրերի զբաղվածության հարցով փոքր ծրագիր:
Հայաստանում կանանց զորեղացման ծրագրի շրջանակում էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է ծրագիր՝ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ կանանց բիզնես հմտությունների և ձեռներեցության զարգացման համար:
Նարեկ Մկրտչյան - Այս ծրագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի UN Women, որը տարբեր երկրներում ներկայացուցիչներ ունի, և նրանք էլ նպատակ ունեն ակտիվացնել Հայաստանում կանանց ներգրավվածությունը, և քննարկել են Հայաստանում կենտրոն բացելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով 66-րդ նստաշրջանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր կանանց ու երեխաների սոցիալական խնդիրները, նաև պատերազմի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված պետության իրականացրած ծրագրերը: