Հայաստանի և Ադրբեջանի միջև գաղտնի համաձայնագրի կնքում հնարավոր չէ: Արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նման գործընթաց է նախատեսվում ապրիլին, ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե խոսքը գնում է միջազգային համապատասխան համաձայնագրի մասին, այն հնարավոր չէ թաքցնել հասարակությունից, որովհետև միջազգային համաձայնագրերը ենթակա են ներպետական գործընթացներ անցնելուց հետո ուժի մեջ մտնելու, մասնավորապես, վավերացման, հանրաքվեի միջոցով, եթե անհրաժեշտություն կա համապատասխան գործընթացներ անցնելու: Իսկ գաղտնի դիվանագիտությունը 1945 թվականից հետո արգելված է, այսինքն՝ գաղտնի համաձայնագրերի կնքումը:
Արման Եղոյանն էլ հիշեցրեց՝ մամուլում նման տեղեկություններ հայտնվում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների գրեթե բոլոր հանդիպումներից առաջ:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Գրեթե երբեք դրանք չեն հաստատվում: Դա էլ հաշվի առեք, և, մամուլ ասելով էլ, խնդրում եմ հստակեցրեք՝ ո՞ր մամուլում, ո՞վ է ասում, ի՞նչ հիմքով:
Որևէ փաստաթղթի անդրադարձ չի կատարվել նաև խորհրդարանում արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցած փակ քննարկման ընթացքում՝ փաստում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այսինքն՝ այդ մասին չի խոսվել:
Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս թեման Ադրբեջանի կողմից Արցախի գազատար խողովակի փակումն էր: Վլադիմիր Վարդանյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ու խորհրդարանական դիվանագիտությունն անում են ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու և միջազգային գործընկերներին Արցախում առկա ճգնաժամի մասին իրազեկելու համար:
Վլադիմիր Վարդանյան - Այն գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության, ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ: Եվ, ըստ էության, առավել հիմնավոր է դարձնում, տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ:
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանն էլ՝ Արցախին գազի մատակարարումից զրկելը ոչ միայն հումանիտար, այլև անվտանգային աղետ է որակում:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) -
Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ գնալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, ցավալիորեն, նույնիսկ այս դրվագներն էլ կամ բանակցությունների այս փուլն էլ դեռ որևէ երաշխիք չի տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ:
Հիշեցնում է՝ գազի մատակարարման ընդհատումը առաջացնում է ոչ միայն ջեռուցման խնդիր. տաք եղանակը ոչ բոլոր հարցերը կլուծի:
Տիգրան Աբրահամյան - Արտադրությունների հարց կա, որը պետք է ապահովել, կան խնդիրներ, որոնք կապված են ոչ միայն ջեռուցման համակարգի հետ: Կոմունալ ծառայություններն են, բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնք աշխատում են գազով:
«Հայաստան» դաշինքի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը առկա իրավիճակից ելքը շարունակում է համաժողովրդական դիմադրության մեջ տեսնել:
Իշխան Սաղաթելյան - Այս թեմայով շատ ակտիվ խոսում ենք Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի, տարբեր միությունների, անհատների, գործիչների հետ: Եվ մենք ասել ենք՝ այդ դիմադրությունն ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն մեր արտաքին թշնամիներին, ովքեր նպատակ են դրել ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը, և դիմադրություն օրվա իշխանություններին:
Դաշնակցությունում համաժողովրդական ընդվզման հասնելու նպատակ ունեն: Ինչպե՞ս՝ առայժմ չեն հայտնում: Վստահեցնում են՝ առաջիկայում հանրությունը կոնկրետ քայլեր և գործողություններ կտեսնի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան