Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը:
«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ տարիներով բախվում է այն խնդրին, որ Վերին Լարսի անցակետը կամ այդ ճանապարհը փակ է, մեքենաների կուտակումներ կան տարբեր կողմերից:
Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը նաև դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, ֆունդամենտալ լուծման կարիք ունի:
Դրա համար մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական 2 անգամ չվացուցակով, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի, որը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգությունը և լոգիստիկ հասանելիությունը: Դա նաև էապես կբարձրացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ Հայաստանի պատմության մեջ սա լաստանավային կապ հաստատելու առաջին փորձը չէ:
«Նախորդները միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել: Հույս ունեմ, որ ի վերջո կստացվի: Լաստանավով նաև ավտոմեքենայի փոխադրման հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում են երկաթուղային փոխադրումների վրա, որը, կարծում եմ, ունի հետևյալ առավելությունը, որ կան շատ արտահանվող ապրանքներ, որոնք իրենց արտահանման ճանապարհին մի քանի անգամ բեռնվում ու բեռնաթափվում են: Այս պարագայում այդ կարգի ապրանքները կարող են միանգամից շատ երկար երկաթուղային ճանապարհներ սկսել ՀՀ-ից: Կառավարությունը 6 ամիս ժամկետով սուբսիդավորում կիրականացնի՝ հույս ունենալով, որ համակարգը կրկին կսկսի աշխատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշվեց, որ բեռների դասակարգում տեղի չի ունենում: Անկախ բեռի տեսակից՝ սուբսիդավորվում է: