Մարտի 24-ին ՀՀ Կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Վերոնշյալ որոշման մեջ փոփոխության կատարումը հիմնավորվում է նրանով, որ ընդգրկվելով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում՝ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը ձեռք է բերում փորձերի և համերգային գործունեություն իրականացնելու անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, ընդ որում՝ առանց լրացուցիչ վճարի:
Ավելին, «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի գործունեությունը այս կերպ կընդգրկվի կամերային երաժշտության միասնական քաղաքականության և գովազդատեղեկատվական ընդհանուր արշավի համատեքստ: Այս հանգամանքն ինքնին կխթանի արտաբյուջետային միջոցների աճը:
Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չունի սեփական դահլիճ և իր փորձերն անցկացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում:
«Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքակազմը բաղկացած է 6 հոգուց, որից 4-ը՝ ստեղծագործական կազմի անդամներ, 1 տնօրեն և 1 հաշվապահ: Կոմիտասի անվան ազգային քառյակի բնականոն գործունեությանը խոչընդոտում են համերգների կազմակերպման, տոմսային տնտեսության վարման, գովազդատեղեկատվության ապահովման, մշտական փորձասենյակի բացակայության և դահլիճների վարձակալության հետ կապված խնդիրները:
Վերոնշված հարցերը կարգավորելու նպատակով «Կոմիտասի անվան ազգային քառյակ» և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ները համատեղ քննարկել են միավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները և եզրակացրել, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ուղղվածությունը լիովին համահունչ է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ուղղվածությանը, կանոնադրությանը, ինչը «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ին լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն կտա:
Միաժամանակ միավորումն իր հերթին կնպաստի կամերային ժանրում միասնական քաղաքականությանը, քանի որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը:
Բացի դրանից՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա է ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որն ապահովում է վերջինիս ենթակայությամբ գործող ստեղծագործական 5 կազմակերպությունների համերգային գործունեությունը, կարգավորում է դրանց տոմսային տնտեսությունը, զբաղվում է կազմակերպության գովազդատեղեկատվական գործունեությամբ, որոնց բացակայությունը խոչընդոտում է «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության արդյունավետ գործունեությունը:
Հետևաբար վերոնշյալ փաստարկներով պայմանավորված` «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միացումը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կօգնի կարգավորել տեխնիկական խնդիրները և կնպաստի քառյակի ստեղծագործական, համերգային գործունեության բարելավմանը: