Ուկրաինայի իշխանությունները քննարկում են երկրի անվտանգության երաշխիքների ապահովումը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի կողմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:
Նա անդրադարձել է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ եթե դաշինքի անդամ մի պետություն ենթարկվում է զինված հարձակման, դա համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների վրա, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ տվյալ անդամի պաշտպանության համար, և հավելել, որ Կիևին ևս անհրաժեշտ է նման մեխանիզմ:
«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Թուրքիան դրական են արձագանքել այդ գաղափարին: Ես գոհ եմ նրանց նախնական արձագանքից»,- նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Կուլեբայի խոսքով՝ դա միակ հարցն է, որ Կիևը քննարկում է այդ երկրների հետ. մնացած հարցերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առարկա են: