Կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և ուղեկցող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորական նախաձեռնությանը:
«Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշակի խմբեր, որոնք, խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով, շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի խորացնում իրենց սոցիալական դժվարությունները: Դրա մասին անուղղակիորեն վկայում է այն, որ խաղային հարթակներում մասնակիցների թիվն ավելացել է ավելի քան երկու անգամ:
Դրան նպաստում են նաև խաղադրույք կատարելու եղանակները, որոնք այսօր առկա են. մասնավորապես կարող են խաղադրույքներ կատարել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում կանխիկ եղանակներով կամ վճարային տերմինալների միջոցով»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի անմիջապես օրենքը ընդունելուց հետո սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ 6 ամիս հետո նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, և կպահանջվի, որ օգտահաշիվների դրամական համալրումը տեղի ունենա բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտից: