ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ փոխնախարար Արման Խոջոյանը մասնակցել է «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով աշխատաժողովին, որը կազմակերպվել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի (IAMO) համատեղ ջանքերով։
Նշված կառույցները ներկայումս համագործակցում են Հայաստանում ընտրված մշակաբույսերի վրա հարատև կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունների մոդելավորման աշխատանքներում։
Համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է հասկանալ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա՝ նպաստելով երկրում տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովմանը:
Այս նախագծի շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանի համար տնտեսապես կարևոր 12 թիրախային մշակաբույսեր (ցորեն, գարի, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սերկևիլ, տանձ, ծիրան, դեղձ և բալ):
«Այսօր կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն արդեն տեսանելի է, որը հատկապես իր արտահայտումն է ունենում գյուղատնտեսության ոլորտում։ Անհրաժեշտ է, որպեսզի և՛ ֆերմերները, և՛ քաղաքականություն մշակողները ճիշտ հասկանան, թե ինչ է կատարվելու կլիմայի հետ առաջիկա տարիներին, որպեսզի մեր խորհրդատվությունը և բույսերի ընտրությունը նույնպես լինեն համապատասխան»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է Արման Խոջոյանը։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է նաև կլիմայի փոփոխության և եղանակային ծայրահեղ իրադարձությունների պատմական ազդեցությունը այս մշակաբույսերի բերքատվության վրա, և այն, թե ինչպես կարող է հետագայում փոխվել դրանց բերքատվության ցուցանիշը շարունակվող կլիմայական փոփոխության պայմաններում: Կատարված աշխատանքը պետք է հիմք հանդիսանա ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, ինչը կօգնի Հայաստանի ֆերմերներին զարգացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներուժը։
Աշխատաժողովի ընթացքում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մասնագետները ներկայացրել են շնորհանդես՝ «Հայաստանում ագրոօդերևութաբանական ծառայությունները և գյուղատնտեսության հետ կապված կլիմայական ռիսկերի գնահատումը» թեմայով։
Միջոցառմանը մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, DSIK հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Բյոտտխերը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, պետական մարմինների, գյուղատնտեսական հետազոտական և ֆինանսական հաստատությունների, միջազգային զարգացման գործակալությունների, գյուղատնտեսական ՀԿ-ների և կոոպերատիվների ներկայացուցիչներ։