Արմեն պապը, բոլորն այստեղ նրան այդպես են դիմում, մի քանի տասնամյակ շինարարության մեջ է: Բայց առաջին դպրոցն է, որ կառուցում է:
Արմեն Ավագյան (շինարար) - Ես աշխատում եմ առաջին հերթին որակի վրա, քանակի վրա չեմ աշխատում, հիմա էլ գործս վերջացրել եմ, բայց նորից եկել եմ, որ ստուգեմ:
Ամեն գործ՝ մեծ թե փոքր, մինչև տեխհսկիչների խոշորացույցի տակ հայտնվելը, շինարարներն անձամբ մի քանի անգամ ստուգում են, չէ՞ որ երեխաների համար ենք կառուցում՝ ասում է Արմեն պապը:
Աստիճանավանդակներն էնքան էին դղրդում, ես ասում էի՝ հեսա երեխեքը կիջնեն ներքև, լավ ա, թող երեխեքը բարեկարգ դպրոցում սովորեն:
Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրենն է, եկել է ծանոթանալու դպրոցի նոր շենքին: Նախորդը 4-րդ կարգի վթարային էր: Ամբողջությամբ ապամոնտաժել, տեղը նորն են կառուցում:
Նատալյա Երալովա (Երևանի համար 122 դպրոցի կազմակերպչական գծով տնօրենի տեղակալ) - Պատկերացնում էի, որ սա հզոր շենք է լինելու, 4-5 անգամ ավելի, քան մեր շենքը, բայց հիմա որ տեսնում եմ, պատկերացրածիցս էլ ավելի է:
Երևանի համար 122 դպրոցի սեյսմիկ բարելավման համար ՀՀ Կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը ներդրել են 1 միլիարդ 890 միլիոն դրամ։
Արմեն Էլոյան (աշխղեկ) - Դպրոցն ունենալու է 6 մասնաշենք, մեկը՝ որպես սպորտդահլիճ և 5 ուսումնական մասնաշենքեր, իր առանձին կաթսայատնով: Մենք հիմա կանգնած ենք հանդիսությունների սրահում:
Շինարարության 35-40 տոկոսն արդեն իրականացրել են: Հիմա բետոնացման աշխատանքներն են անում, փոքր ծավալով, բայց նաև ներքին հարդարումն են սկսել:
Արմեն Էլոյան - Ոչ մի օր եղանակի պատճառով չենք կանգնել, փորձել ենք համապատասխանեցնել եղանակի հետ էն աշխատանքները, որը չի վնասի շինարարության որակին, ոչ մի վայրկյան չենք կանգնել: Եղանակի բարելավվելու հետ տեմպն անհամեմատ կավելանա:
Վերջնաժամկետը 2023-ի մարտն է, որ կհասցնեն՝ չեն էլ կասկածում՝ փորձառու շինարարներ են աշխատում:
Հովհաննես Բեգլարյան (շինարար) - Դպրոցը 4-րդն է, բայց ընդհանուր առմամբ կառուցել եմ 15 շենք: Դպրոցում քանի որ երեխաներ են սովորելու, ընդհանրապես որակով ենք կառուցում, բայց հիմա մի առանձնահատուկ ես սարքում, մոտավորապես 100 տարվա և ավելի:
Ուսումնական պրոցեսը երկրորդ հերթով կազմակերպվում է նույն փողոցում գտնվող համար 131 հիմնական դպրոցում: Որևէ դժգոհություն չկա, բայց անհամբեր սպասում են, թե երբ է շուրջ 900 աշակերտի համար վերակառուցված դպրոցը բացելու իր դռները: