Ռուս-ուկրաինական իրադարձություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա, և ո՞ր ոլորտներն են ավելի շատ տուժել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Նախարարի խոսքով՝ արտահանումը դեպի Ռուսաստան անկում է ապրել:
«Մի քանի օր առաջվա տվյալներով՝ դեպի Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել: Դա մտահոգիչ է: Իհարկե, մյուս ուղղություններով ունենք արտահանման աճ:
Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց նախարարը:
Խոսելով ՀՀ տնտեսական աճի մասին՝ Քերոբյանը նշեց, որ 7 տոկոս տնտեսական աճի թիրախը մնում է ուժի մեջ:
«Չենք պատրաստվում հեշտ հանձնվել»,- նշեց Վահան Քերոբյանը: