ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային գողության հերթական դեպքը:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 08:30-23:15-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել ոսկե զարդեր՝ սեփականատիրոջը պատճառելով խոշոր չափերի, նախնական տվյալներով՝ 1 180 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոնդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրում՝ բնակարանի աստիճանահարթակում, գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Նախաքննական մարմնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1978 թ.:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով քննվող քրեական գործով այս պահին ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: