Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ. այս կարգախոսով Արցախի քաղաքացիները հավաքվել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի բակում, որտեղ առանց գազամատակարարման, վատ ջեռուցվող սենյակներում բուժվում են երեխաներ:
Քրիստինե Բալայան (հավաքի մասնակից) - Մենք որոշեցինք մեր երեխաների մոտ հավաքվել այսօր: Շրջան կազմեցինք, ձեռք ձեռքի տվեցինք և մեր սրտերի ջերմությունը փոխանցեցինք մեր երեխաներին:
Յանա Ավանեսյան (հավաքի մասնակից) - Այստեղ ապրում է 120 հազար մարդ, ովքեր ունեն սովորական, հիմնարար իրավունքներ, և այդ իրավունքները պետք է պաշտպանվեն:
Էլլադա Ղահրամանյան (հավաքի մասնակից) - Մենք ցանկանում ենք, որ մեր ձայնը լսելի լինի միջազգային կառույցների համար, քանզի չկա որևէ այլ լծակ նրանց վրա ազդելու, այս հումանիտար աղետին ուշադրություն դարձնելու, քանի որ սա զուտ կենցաղային խնդիր չէ:
Գազամատակարարման բացակայության պատճառով Արցախում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ Ադրբեջանի քայլը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, որը խախտում է միջազգային բոլոր կոնվենցիաները:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Հիմա իրականացվում են որոշակի աշխատանքներ՝ հնարավորության դեպքում դրանք դատական մարմիններում ներկայացնելու համար:
Կանանց և մայրերի նախաձեռնությանը նաև Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներն են միացել: Թոշակառու մանկավարժ Եկատերինա Դուբինինան 40 տարի ճանաչում է արցախցիներին:
Եկատերինա Դուբինինա (հավաքի մասնակից) - Ես մասնակցում եմ այս հավաքին, որ Արցախում խաղաղություն լինի, որ այս երեխաների ձայնը լսելի լինի: Չնայած այս դժվարին իրավիճակին, երբ գազ չկա, երբեմն անգամ էլեկտրաէներգիա չկա, հայերն ապրում են այստեղ, քանի որ սա նրանց հայրենիքն է:
Նոր ձևավորվող այս նախաձեռնությունը մտադիր է շարունակել արցախցիների իրավունքների պաշտպանության համար խաղաղ հավաքները: