Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող մայր գազատարը:
Նկարագրված դեպքի կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:
Սույն թվականի մարտի 22-ին Արցախի ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն՝ մարտի 21-ին
ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում են, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:
Նկարագրված դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»: