ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստանից ցորենի արտահանմանը վերաբերող սահմանափակումներին:
«Ռուսաստանն առաջարկել է ԵԱՏՄ բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները, այսինքն՝ փակել արտահանումն իրենց երկրներից, այդ պարագայում իրենք պատրաստ են մատակարարել ամբողջ անհրաժեշտ ծավալը: Եթե բոլոր երկրները համաձայնեն, ապա մենք ԵԱՏՄ-ի մակարդակով արտաքին սահմանները կփակենք, ներքին առևտուրն ամբողջությամբ կբացենք: Բայց եթե, օրինակ՝ որոշ երկրներ հրաժարվեն դա անել, ապա մենք հարցը կլուծենք երկկողմ ճանապարհով: Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Որոշումն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։
Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության՝ որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։