Լուսինե Ավանեսյան (հադրութցի ընտանիքի մայր) - Դժվար էր, որ ամեն ինչ կորցրած, մանավանդ զույգ ունենալու որոշումը, բայց ուրախությունը շատ մեծ էր: Հաղթահարելով դժվարությունները, անտեսելով հետագա դժվարությունները՝ որոշեցինք, որ իրենք լույս աշխարհ պետք է գան:
Ադրիանան ու Արիանան ավագ եղբոր՝ 1,5 տարեկան Արմենի հետ հանդիպող դժվարությունները ավելի թեթև են դարձրել:
Լուսինե Ավանեսյան - Որ իմացա զույգ են, բժիշկն ասեց, տեղից վեր թռա միանգամից: Ամուսնուս միանգամից չասեցի, ուզում էի անակնկալ անել:
Գևորգ Գասպարյան (ընտանիքի հայր) - Տղայից հետո ցանկությունն էդ էր, որ աղջիկ լինի, բայց զույգը ուրիշ ուրախություն է:
Լուսինեն Հադրութից է. ծնվել, սովորել, աշխատել, Հադրութում էլ ծանոթացել է Գևորգի հետ՝ 2014 թ.-ից այնտեղ էր ծառայության անցել:
Լուսինե Ավանեսյան - Մի ամսական էր տղաս, որ պատերազմը սկսվեց, 28-ին դուրս եկանք, եկանք Երևան ու էլ էդպես էլ հետ չգնացինք:
Իսկ Գևորգը, որ սեպտեմբերի 24-ից Հադրութի պաշտպանական դիրքերում էր, մնաց ու պատերազմեց մինչև վերջ:
Գևորգ Գասպարյան - Լուսինեի քրոջ ամուսինը զոհվեց: 3 երեխա ունեն, ու կյանքի արժեքը փոխվում է, երբ էդ ամենը տեսնում ես:
Ընկերներ, զինակից ընկերներ, բարեկամներ... ունեցած բազում կորուստներից հետո փոքրիկների ծննդի մասին Գևորգի արձագանքն է:
Գևորգ Գասպարյան - Կյանքը ուրիշ իմաստ է ստացել:
Հադրութում ստեղծած անկյունը փոխարինել են Երևանում վարձակալած բնակարանով. 3 սենյականոց այս տանը 3 ընտանիքով են տեղավորվել: Հիմա Գևորգը չի աշխատում, առանձին տուն վարձելու մասին դեռ չեն կարող մտածել:
Լուսինե Ավանեսյան - Էսքան դժվարություն տեսնելուց հետո լուսավոր կետ են մեր կյանքում, իրենց ծնունդը մի հրաշք էր մեզ համար:
Հոգսերի մասին բոլոր զրույցներն ընդհատվում են, երբ աղջիկներից մեկը լալիս է, թե որ մեկն է՝ դեռ միայն Լուսինեն է տարբերում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան