Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանք է արվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով: Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի վատթարացնել առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը. հասարակ բնակիչները չպետք է տանջվեն»,- նշել է Զախարովան:
Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի շփման գծում Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ փաստերի ուսումնասիրությունը և իրավիճակի գնահատականը պետք է թողնել տեղում գործող ՌԴ խաղաղապահ ուժերի ռազմական փորձագետներին:
Հայ-ռուսական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Զախարովան շեշտել է, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվում: Նա խոստացել է հետագայում ավելի մանրամասն և հասցեական տեղեկատվություն տրամադրել նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: