Այս տարվա հունիսի 1-3-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը։ Քննարկումների ընթացքում կներկայացվեն նաև Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման ներուժ ունեցող ուղղությունները՝ էկոտուրիզմից մինչև գյուղական զբոսաշրջություն:
Լուսինե Ավագյան (Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ) - Միջոցառումը չափազանց պատասխանատու և կարևոր է, ակնկալում ենք հյուրընկալել Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի անդամ 42 երկրներից պատվիրակություններ՝ զբոսաշրջության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կազմը՝ ի դեմս գլխավոր քարտուղարի, կունենանք միջազգային և տեղական խոսնակներ:
Լուսինե Ազիզյան (տուրիստական ընկերության ներգնա տուր-մենեջեր) - Կարծում եմ՝ սա հիանալի հնարվորություն է, որ Հայաստանի մասին կխոսեն այլ հարթակներից և ավելի շատ կխոսեն, և, որպես հետևանք, ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան:
Հայաստանը 1997 թվականից ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, 2021-ին առաջին անգամ առաջադրվեց և ընտրվեց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ: Կազմակերպությանն անդամակցում է շուրջ 160 երկիր, գործադիր խորհրդի անդամ է 35 պետություն:
Լուսինե Ավագյան - Սա, ի թիվս մի շարք այլ առավելությունների, թերևս մեզ ընձեռեց գլխավոր հնարավորությունը, այն է՝ ձայնի իրավունք և կազմակերպության որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն:
Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ Երևանում անցկացվող հանձնաժողովի նիստը առավել կսերտացնի զբոսաշրջային առաջատար երկրների միջև գործակցությունը, կնպաստի նաև Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը: