ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։
Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները: Պարզվել է, որ ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն անցնելու, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախումները, որոնց քանակն ավելացել է: Աճել է նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերի քանակը, որը կազմել է 959 դեպք։
Ուսումնասիրությունները փաստել են, որ մարզի քաղաքները սպասարկող երթուղու միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսի ավտոմեքենաների վարորդները, հաճախ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ստեղծում են վթարային իրադրություններ: Միկրոավտոբուսների վարորդները հաճախ իրենց ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց կամ երթևեկություն են իրականացնում առանց տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի թույլտվության վկայականի:
Ուսումնասիրությամբ և դեպքերի քարտեզագրմամբ վեր են հանվել մարզի այն բնակավայրերը, որտեղ բացակայում են ճանապարհային նշանները և այլ անհրաժեշտ կահավորանքները:
Մարզի քաղաքներում, հատկապես՝ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդիի, Ախթալայի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, Վանաձորի առանձին փողոցներում շարունակաբար չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությունը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կողմից կատարվող երթևեկության կանոնների խախտումները, ինչը վկայում է նրանց վարորդական իրավունքի վկայական չունենալու մասին։
Ուսումնասիրությամբ փաստվել է, որ մարզի տարածքում ՃՏՊ-ների մեծ մասը կանխելու, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ համայնքային ճանապարհներն արագաչափ սարքերով և վերահսկող տեսախցիկներով հագեցնելը, քաղաքների փողոցների բանուկ խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորելը: Բացի այդ, առկա է նաև ՃՈ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակը բարելավելու, նրանց կողմից վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ պատշաճ հետևողականություն դրսևորելու, վերակարգերն արդյունավետ տեղաբաշխելու, երեկոյան և գիշերային ժամերին հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը կատարված ուսումնասիրության արդյունքները՝ մահվան ելքով պատահարների դեպքերի, երթևեկության նշանների անհրաժեշտ կահավորման ենթակա կոնկրետ հատվածների քարտեզագրմամբ, պատճառների մատնանշմամբ, միջնորդագրերով ուղարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրության արդյունքներից բխող՝ ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով: