ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցմանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք անմիջապես գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը: Մենք պարբերաբար կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը կամ այս դեպքում պարզ չէ՝ ինչպես դա անվանել, քանի որ վթար չէ, ըստ երևույթին, վնասված կամ փակ տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Երեկ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, բացի դրանից՝ նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին տեղի ունեցածի մասին: Արձագանքներ արդեն ստացվում են: Նախորդ անգամ վարչապետն է խոսել ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ: ԱԳՆ-ն էլ՝ իրեն հասանելի բոլոր օղակներով և խողովակներով: Ցավոք սրտի, տեղում կոնկրետ հարցը դեռ լուծված չէ»,- ասաց Միրզոյանը: