ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց գյուղացիներից ստացած իր տեղեկությունների մասին:
Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ իրեն հարցնում են, թե Ներքին Հանդ մտնելիս ռուս սահմանապահները ինչ նոր անցակետ են տեղադրում, գուցե դա մեծ պլանի ինչ-որ մա՞ս է:
«Ինչ վերաբերում է այն անցակետին, որի մասին խոսում եք, դա Ներքին Հանդ տանող անցակետ չէ: Դա ճանապարհի վերահսկողության համար է: Այդ հարցն ինձ մոտ առաջացել է, երբ ինքս եղել եմ Ներքին Հանդում: Տեղակայման վայրը, այո՛, ժամանակ առ ժամանակ, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի համար է: Այստեղ որևէ խնդիր չկա, վստահեցնում եմ, և որևէ մեկի համար համայնք մտնելը խոչընդոտ չէ: Անցակետը, եթե ձեր ձևակերպմամբ դիտարկենք, պիտի մարդկանց ստուգեն կամ հարցնեն: Նման բան չի լինում: Եթե կլինի ինչ-որ մեկի կողմից, խնդրում եմ, տեղեկացրեք դրա մասին, որովհետև որևէ մեկը նման իրավունք չունի:
Անհրաժեշտություն չկա, որ այդ համայնքի ճանապարհին լինի անցակետ: Դա ուղղակի խաչմերուկ է, այն դիտարկվում է ամբողջ ճանապարհի երկայնքով: Քաջատեղյակ եք, որ այդ ճանապարհից երևում են հակառակորդի դիրքերը:
Եթե ունեք հարցեր, բաց են մեր դռները, համեցեք, խոսենք, պարզաբանենք: Եթե համատեղ պիտի աշխատենք, համատեղ աշխատենք: Վերջ տվեք այս գործելաոճին, սա լավ տեղ չի տանում: Սա լավ բան չէ»,- ասաց նախարարը: