Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի տարածքում դեպի Լարս տանող Խաչի լեռնանցքը մի քանի օր է՝ փակ էր: Օրեր առաջ ճանապարհը փակվեց տեղումների պատճառով, հիմա եղանակը պարզել է, սակայն ձնահյուսն էր փակել:
Քամու արագությունը վայրկյանում 20 մետրի է հասնում, որի հետևանքով լանջերի ձյունը հաճախակի լցվում է ճանապարհի վրա:
Արամ Թանանյան (Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ) - Երեկ չէ առաջին օրը մարդատարների համար մի պահ բացվեց, բայց մի տասը-տասներկու ժամ հետո նորից փակվեց: Եղանակը կարծես պարզել էր Գուդաուրի տարածաշրջանում, սակայն ուժեղ քամի բարձրացավ, սկսվեցին ձնահյուսերը:
Լարսի հարակից տարածքում մարդատար մեքենաների հերթը ավելի քան երկու կիլոմետրի է հասնում: Բեռնատարների համար ճանապարհը փակ է մարտի 17-ից սկսած: Նախնական գնահատականներով՝ ռուսական կողմում Վրաստան, Հայաստան, Թուրքիա գնացող 3 հազար 500 բեռնատար կա կուտակված:
Արամ Թանանյան - Մի 15, 20 տոկոսը հայկական են և Հայաստան եկող, մի այդքան՝ վրացական մեքենաներ, թուրքական, մնացյալը՝ ղրղզ, տաջիկ, բելառուս:
Վրաստանով Խաչի լեռնանցքն անցած գրեթե բոլոր մեքենաներն արդեն ուղևորվել են Ռուսաստան: Եթե նույնիսկ այսօր բացված ճանապարհն առաջիկա օրերին նորից չփակվի, մեկ ամիս է պետք, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Վարորդները խուսափում են արագ փչացող մթերք տեղափոխել, վտանգավոր են, սակայն, հերթերում մնացած վառելիք տեղափոխողները:
Արամ Թանանյան - Հիմնականում հեղուկ վառելիք են տեղափոխում՝ հեղուկացված գազ: Մեծ քանակի մեքենաներ նույնիսկ ընդհանուր հերթում են կանգնում՝ չնայած դա տեխնիկական կանոնների խախտում է, բայց այլ տարբերակ չունեն:
Այս ճանապարհի այլընտրանքը վրացական կողմի նախաձեռնությամբ, 500 միլիոն եվրո արժողությամբ 24 կիլոմետրանոց նոր ճանապարհն է, որը 10 կիլոմետրանոց թունելներով պետք է շրջանցի Խաչի լեռնանցքը: Ճանապարհի ավարտը նախատեսված է 2024-ին:
Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, Արամ Թանանյանը տեղեկացրեց, որ թեթև մարդատարների և ավտոբուսների համար այսօր ճանապարհը բացվել է: