ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:
«Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ իրավիճակներ ստեղծել»,- ասաց Աբրահամյանը:
Մհեր Գրիգորյանն էլ պատասխանեց, որ կան նախատեսված միջոցառումներ:
«Ունենք 21 միջոցառման իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկացած պահի: Կախված նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, այդ միջոցառումների ցանկից կընտրվի թիրախայինը: Վստահեցնում եմ՝ թե՛ ենթակառուցվածքների իմաստով, թե՛ անելիքների, բաշխվածքը հայտնի է: Ավելի կարևոր է, թե այս իրավիճակում ինչպիսին կլինեն տնտեսական հետևանքները, և ինչ ազդեցություն կունենան գների աննախադեպ մարտահրավերները, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար»,- ասաց Գրիգորյանը: