Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել:
Մարտի 19-ին՝ ժամը 10:15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում եղել է ևս մեկ շնչավոր: Բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Աշտարակի բաժին:
Ոստիկանությունում պարզվել է հետևյալը։
Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:
Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:
Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։
Հանգամանքները քննությամբ պարզվում են: