Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մի քանի օրում կավարտվեն: Սա լուրջ գործողություն է, որը լուրջ նպատակներ է հետապնդում՝ CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նպատակ չունի օկուպացնել Ուկրաինան։
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի խոսնակ) - Ռուսաստանը մինչև փետրվարի 24-ը բացառում էր Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Մենք հուսով էինք, որ Ուկրաինան երբեք չի հարվածի Դոնբասին։ Սակայն տեղեկություններ ստացանք, որ Կիևը պատրաստվում է այնտեղ հարձակողական գործողություն իրականացնել։
Պաշտոնյան հավաստիացրել է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք Վլադիմիր Պուտինը բարկացա՞ծ է ուկրաինացիների վրա, Պեսկովը պարզաբանել է․
Դմիտրի Պեսկով - Ռուսաստանի նախագահը զայրացած է Ուկրաինայում այն մարդկանց վրա, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի մաս և երկրի տարածքում ամերիկյան հրթիռներ տեղակայել, նրանց վրա, ովքեր արգելում են մարդկանց ռուսերեն խոսել։
Կրեմլի խոսնակը հայտնել է նաև, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը շարունակվում են։
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Այն տևել է մեկ ժամ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծիքներ փոխանակել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ հրադադարին այլընտրանք լինել չի կարող:
Հեռախոսազրույց են ունեցել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թրյուդոն հաստատել է Օտտավայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։ Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Մոսկվայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու անհրաժեշտությունը։
Զելենսկին, իր հերթին, կրկնել է՝ Ուկրաինային անվտանգության արդյունավետ երաշխիքներ են հարկավոր, և Կանադան կարող է առանցքային դեր խաղալ այդ հարցում։
Բեռլինը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է դուրս գան ներկայիս ձևաչափերից, Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսություն է հարկավոր։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ սահմանափակումներ կիրառող երկրների տնտեսությունների վրա:
Կանցլերը նշել է՝ Գերմանիան մտադիր է հնարավորինս շուտ անկախանալ ռուսական ածխից, նավթից և գազից, «այժմ մատակարարումները նվազեցնելուն ուղղված աշխատանքներ են տարվում»՝ հայտնել է նա։
Թուրքիան չի քննարկում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը՝ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման ներքո։ Այդ մասին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա։
Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին և ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը։ Պաշտոնյան հավելել է՝ Անկարան կշարունակի գործակցել Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ Ուկրաինա C-400 համակարգեր ուղարկելու շուրջ։ «Մենք Անկարայի հետ քննարկում ենք C-400 համակարգերից հրաժարվելու հարցը, փոխարենը Թուրքիան կվերադառնա F-35 կործանիչների ծրագիր, այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում։