Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։
Դեսպան Ավետիսյանը ներկայացրեց վերջին տասնամյակներում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, ներկայումս Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։
Իսպանիայի և, հատկապես, Կադիսում ու Սևիյայում դեռևս դարեր առաջ բնակություն հաստատած հայ վաճառականների գործունեության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության շրջանում Իսպանիայի դիրքորոշման մասին բավականին հետաքրքրաշարժ ելույթներ ունեցան Ռոբերտո Կիրոս Ռոսադոն և Ֆերնանդո Կամաչո Պադիյան։
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Մադրիդի ինքնավար համալսարանի ղեկավարությանը և, հատկապես, դասախոս Ֆերնանդո Կամաչո Պադիյային՝ դեսպանության հետ համագործակցությամբ այս հրաշալի միջոցառումը կյանքի կոչելու համար։