Հանրային ծառայողների համար կգործեն վարքագծի տիպային կանոններ. նախագիծը մշակել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ներկայացրել՝ հանրային քննարկման:
Մարիամ Գալստյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Հանձնաժողովը հաջորդիվ կհաստատի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, մյուս առանձնահատկություններից ելնելով դատախազական համակարգում, քննչական համակարգում կհաստատվեն իրենց կանոնները: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է ՏԻՄ ծառայողների վարքագծի կանոններ հաստատեն. այն հիմնական կանոններն են, որոնցից բխող պետք է սահմանվեն ոլորտային կանոնները:
Վարքագծի տիպային համապարփակ կանոններն առաջին անգամ են մշակվում: Դրանք կլինեն պարտադիր և խրախուսելի: Ծառայողական պարտականությունների կատարումից մինչև վարքագիծը աշխատանքից դուրս. պարտադիր կանոնների շրջանակը լայն է՝ խախտելը կենթադրի կարգապահական պատասխանատվություն:
Մարիամ Գալստյան - Օրինակ՝ անձը մասնավոր կյանքում չպետք է անի այնպիսի գործողություններ կամ այնպիսի հրապարակումներ, որոնք որևէ կերպ կարող են նվաստացնել կամ նսեմացնել հանրային ծառայությունը: Հարկերի վճարումից սկսած մինչև այլ անձանց հետ վարվելակերպ, շահերի կառավարում: Ճիշտ է՝ դրանք բարեվարքության համակարգի տարրեր են, կարգավորվում են նաև հանրային ծառայության մասին օրենքով. այստեղ վարքագիծն է, որ խախտում թույլ չտա:
Հարգալից, բարեխիղճ, բարեկիրթ, անաչառ լինելուց զատ՝ պարտադիր կլինեն խտրականության բացառումը, քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը. կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարումը: Դրոշի, զինանշանի, լեզվի հանդեպ հարգանք դրսևորելու պարտադիր պայմանը ևս ընդգծվել է նախագծում: Հանձնաժողովը կարձանագրի նաև՝ աշխատասենյակում ծխելու արգելքը, նվերների վերաբերյալ կարգավորումը:
Մարիամ Գալստյան - Նվերները հանրային ծառայության մասին օրենքով է սահմանված: Նշել ենք նաև՝ ոչ գույքային առավելությունը ևս կարող է նվեր համարվել՝ հյուրասիրություն, արարողակարգային միջոցառումներին մասնակցություն, տոմսեր, ցանկացած առավելություն, որը ողջամտորեն կարող ենք ընկալել, որ անձին չէին տա, եթե պաշտոն չզբաղեցներ, համարվելու է նվեր: Մեր նպատակն է՝ հնարավորինս բարեվարք պետական և հանրային ծառայության համակարգ ունենանք:
Նախագիծը մշակվել է միջազգային գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ: Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների որոշման նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկները կարող են ներկայացվել մինչև մարտի 28-ը: Հետո արդեն կլրամշակվի նախագիծը և կհաստատվի մայիսին: