Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Թեմայի վերաբերյալ Միրզոյանին հարց էր ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Շուշիի հռչակագիրը պարունակում է հակահայկական, ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ: Զարմանալիորեն, այդ հռչակագիրը նաև սկսեց վավերացվել խորհրդարանների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի: Ի՞նչ արձագանք է դրան տրվել՝ բացառությամբ 2021 թվականի հունիսի ԱԳՆ-ի հայտարարությունից, երբ այն դեռ չէր վավերացվել: Այս ամենից հետո որևէ արձագանք տրվե՞լ է ԱԳՆ-ի կողմից»,- հարցրեց Վարդևանյանը:
«Սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադառնում: Տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը: Դրա օրինակները բազմաթիվ դեպքերում են՝ ինչպես մշակութային հուշարձանների վերաբերյալ, ինչպես այս օրերին, երբ հումանիտար ճգնաժամ է առաջանում գազի հետ կապված: Իրավիճակը և հնարավոր զարգացումները մեր բոլոր միջազգային շփումների առանցքում են»,- ասաց Միրզոյանը: